Ալիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման միջնորդությունն ակնհայտ անհիմն է․ Արամ Վարդևանյան

30 Հուլիսի 2026, 21:45

Քաղաքականություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը։

Դռնփակ նիստի ընթացքում քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբանական թիմի համատեղ դիրքորոշումը ներկայացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ քննիչի միջնորդությունն ակնհայտ անհիմն է, քանի որ կալանքը երկարաձգելու հիմքերը հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացվել։

«Պաշտպանական թիմը միջնորդել է ամբողջությամբ մերժել քննիչի պահանջը, իսկ դատարանի կողմից հիմքեր տեսնելու պարագայում՝ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ»,- նշել է Վարդևանյանը։

Նրա փոխանցմամբ՝ գործով քննչական գործողություններն իրականացնում է ավելի քան 100 քննիչից կազմված խումբ, ինչը վկայում է, որ հնարավոր ռիսկերն արդեն նվազել են, և կալանքը շարունակելու անհրաժեշտությունն այլևս բացակայում է։