Իրանն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հետագա էսկալացիայի, իսկ TRIPP-ը կարող է չիրականանալ. Գեորգի Ասատրյան
31 Հուլիսի 2026, 21:32
«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը «Alpha News»-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Իրան հակամարտության հեռանկարներին, TRIPP նախագծի ապագային, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին ու Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հնարավոր փոփոխություններին։
«Սա ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների լայնամասշտաբ ռազմական արշավն է ընդդեմ Իրանի՝ իշխանափոխության և հլու-հպատակ պետություն ձևավորելու նպատակով։ Զինադադարներն ու հուշագրերը պայմանավորված են բացառապես սպառազինության և զինամթերքի պաշարները համալրելու անհրաժեշտությամբ՝ ինչպես ամերիկյան ռազմաբազաներում, այնպես էլ Իրանում։ Սա վերաբերում է թե՛ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, թե՛ տարածաշրջանի երկրներին։
Իրանցիներն իրենց հերթին են օգտագործում այս դադարները՝ զինամթերքի պաշարները համալրելու, ռազմական տնտեսության խնդիրները լուծելու և այլ հարցեր կարգավորելու համար։ Երկու կողմում էլ հստակ գիտակցում կա, որ պատերազմը չի ավարտվել։ Այս հակամարտությունը տևական է լինելու՝ տևական դադարներով, լարվածության աճով և էսկալացիայի նոր փուլերով։ Թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմը պատրաստվում են իրադրության հետագա սրմանը», — նշել է Ասատրյանը։
Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, ըստ փորձագետի, Հայաստանում այդ նախագծի ապագան դեռևս անորոշ է, ինչը պայմանավորված է թե՛ Իրանի դիրքորոշմամբ, թե՛ ԱՄՆ-ում տիրող ներքաղաքական իրավիճակով։