Բերքը չի վաճառվում, մեր տանջանքը ջուրն է լցվում․ գյուղացիները մտածում են արտագնա աշխատանքի մասին

Հայաստանի գյուղերում գյուղատնտեսական արտադրանքի իրացման իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հողագործները, հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված են բարձրորակ բերքը վաճառել ինքնարժեքից զգալիորեն ցածր գներով, սակայն նույնիսկ այդ պայմաններում գնորդներ չեն գտնվում։

Տեղական շուկայում տիրող անորոշությունն ու արտահանման խոչընդոտները բազմաթիվ գյուղացիների կանգնեցրել են արտագաղթի շեմին։

«Պարարտանյութի, ջրի, հողի վարձակալության համար վճարում ենք, բայց մեր աշխատանքն ու տանջանքը ջուրն են լցվում։ Գները չեն փոխվել, գյուղացին էլի նույն անօգնական վիճակում է մնացել»,- «Alpha News»-ի հետ զրույցում ասել է հողագործներից մեկը։

Գյուղատնտեսները նշում են, որ արտահանման դժվարությունների և նոր շուկաների բացակայության պատճառով չեն կարողանում իրացնել բերքը։

«Ասում են՝ դեպի Եվրոպա է գնալու, բայց ոչ մի ապրանք դուրս չի գալիս։ Եթե Ռուսաստանի ճանապարհները նորմալ գործեին, մեր բերքը կվաճառվեր։ Հասել ենք նրան, որ գնորդներին արդեն աղաչում ենք, որ գնեն, բայց միևնույն է՝ չեն գնում»,- նշել է մեր զրուցակիցը։

Արտադրողները դժգոհում են նաև կառավարության անգործությունից՝ նշելով, որ պետական որևէ աջակցություն չեն ստանում, ինչի հետևանքով դժվարանում են հոգալ անգամ ընտանիքի ամենօրյա ծախսերը։

«Առավոտից եկել նստել ենք, բայց դեռ ոչ մի պարկ ապրանք չենք վաճառել, որ գոնե տուն հացի փող տանենք։ Մտածում ենք Հայաստանը թողնելու և արտագնա աշխատանքի մեկնելու մասին»,- ասել է գյուղացին։