Անդրանիկ նիստը մեկնարկեց կանոնակարգի կոպտագույն խախտումներով․ Էդգար Ղազարյան
02 Օգոստոսի 2026, 15:12
Ազգային ժողովի անդրանիկ նիստում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ նիստը մեկնարկել է կանոնակարգի և բարոյական նորմերի կոպիտ խախտումներով։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովը չի հրավիրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչի հետևանքով, ըստ պատգամավորի, խախտվել է ընդունված կարգը։ Ղազարյանը նաև նշել է, որ պատգամավորները զրկվել են գրանցումից հետո և քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու, ինչպես նաև երդման տեքստն անհատապես հնչեցնելու հնարավորությունից։
«ԱԺ-ն իր աշխատանքները մեկնարկեց կանոնակարգի կոպտագույն խախտումներով։ Պատգամավորները զրկվեցին գրանցումից հետո և քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ խոսելու հնարավորությունից և իրենց իսկ բառերով երդման տեքստը հնչեցնելու հնարավորությունից։ Փոխարենը կիրառվեց պիոներական ճամբարի մեթոդ»,– ասել է Ղազարյանը։
Պատգամավորը նաև անդրադարձել է զոհվածների հիշատակի հարգման հարցին՝ նշելով, որ, ի տարբերություն 2021 թվականի Ազգային ժողովի առաջին նիստի, այս անգամ մեկ րոպե լռությամբ չի հարգվել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։