Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

06 Օգոստոսի 2026, 18:44

Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի շուկա արտահանման նկատմամբ կիրառվող անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել է խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակում։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ակնկալվող՝ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը գործնականում կարող է հնարավոր դառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը անդամակցության համար, և այդ գործընթացը մտնի առարկայական փուլ։

Հեռախոսազրույցի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով։