Վեհափառ Հայրապետին դատարան հրավիրելը Սահմանադրության ամենակոպիտ խախտումներից է․ Լևոն Բարոնյան
07 Օգոստոսի 2026, 23:36
Մեզ համար ինքնիշխան Հայաստանը գերագույն արժեք է, սակայն ՀՅԴ-ն անընդունելի է համարում իշխանությունների վարած հակազգային քաղաքականությունը, ժողովրդավարական նորմերի խախտումն ու քաղաքական հետապնդումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և քաղբանտարկյալների նկատմամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Լևոն Բարոնյանը։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և Վեհափառ Հայրապետին դատարան հրավիրելուն՝ Լևոն Բարոնյանը նշել է, որ դա պետության կողմից եկեղեցու ներքին գործերին ապօրինի միջամտություն է։
«Իշխանությունների այս քայլը Սահմանադրության հերթական և թերևս ամենակոպիտ խախտումն է։ ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն հատուկ կարգավիճակ է սահմանում Հայ Առաքելական եկեղեցու համար, այլև արգելում է պետության միջամտությունը կրոնական կազմակերպությունների ներքին գործերին»,- ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Բարոնյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները խստորեն դատապարտել են ինչպես ՀՅԴ Բյուրոն, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)՝ կոչ անելով չմիջամտել Մայր Աթոռի ներքին որոշումներին։