«TRIPP»-ը պետք է անվանել ճանապարհ, ոչ թե միջանցք․ Նարեկ Կարապետյան
13 Օգոստոսի 2026, 17:24
Եթե իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում պետք է լինի, պետք է լինի տեսախցիկների առաջ, որպեսզի հետո որևէ շահարկման առիթ չլինի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն շփումներին։
Նա շեշտել է, որ իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր քննարկումները պետք է ընթանան բացառապես հրապարակային դաշտում։
Անդրադառնալով «TRIPP»-ի վերաբերյալ դիրքորոշմանը՝ Կարապետյանը կարևորել է «ճանապարհ» եզրույթի կիրառումը՝ ընդգծելով, որ «միջանցք» ձևակերպումն անընդունելի է։ Նա կոչ է արել քաղաքական ուժերին պատասխանատվություն կրել սեփական խոսույթի համար և հաշվի առնել ապագա բանակցային գործընթացները.
«Մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսույթում՝ հիշելով, որ հետագայում պետք է բանակցենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ»։
Խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ եթե այսօր որևէ քաղաքական ուժ հարցը ներկայացնի որպես «միջանցք», ապա իշխանափոխությունից հետո բանակցային սեղանի շուրջ չափազանց բարդ է լինելու պնդել, որ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհի մասին է։