ՀՅԴ-ին թիրախավորելով՝ իշխանությունը փորձում է լռեցնել ազդեցիկ ուժերին․ Գասպար Կարապետյան
25 Օգոստոսի 2026, 18:02
Ազգային ժողովում իշխանական պատգամավորների հայտարարությունները, թե ՀՅԴ-ն իրավունք չունի խոսել Սփյուռքի անունից կամ իր քաղաքականությունն է պարտադրում, վկայում են միայն նրանց տկարության մասին, քանի որ նրանք փորձում են ամեն կերպ թիրախավորել Դաշնակցությանը և ազդեցիկ մյուս ուժերին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Այն պնդումը, թե ես կամ Սփյուռքի իմ գործընկերները քաղաքականություն ենք պարտադրում, բացարձակ սուտ է։ Մենք երբեք ոչինչ չենք պարտադրել։Միշտ ներկայացրել ենք առաջարկներ, խորհուրդներ ու մեր տեսակետները, ինչը, որպես հայ և Հայաստանի քաղաքացի, մեր լիարժեք իրավունքն է»,- նշել է Գասպար Կարապետյանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու իշխանությունների դիրքորոշմանը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցի անտեսումն ու դրա միջազգային ճանաչումից հրաժարումը լի է նոր սպառնալիքներով։
«Անցյալը չճանաչելու դեպքում պատմությունը կրկնվում է։ Արցախի կորուստը թարմ օրինակ է, և Հայաստանի համար այդ սպառնալիքը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը։ Եվրոպական խորհրդարանի և միջազգային այլ կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց է՝ այն ճանաչելու համար»,- նշել է Գասպար Կարապետյանը։