Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել․ «Հարցրեք Հայաստանի ժողովրդին»
01 Սեպտեմբերի 2026, 21:30
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցը դնել հանրաքվեի։
«Հարցրեք ժողովրդին, թե ինչ է ցանկանում։ Նրանք կկատարեն իրենց ընտրությունը, և այդ հարցը կփակենք», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Միաժամանակ Պուտինը նշել է, որ չի համաձայնում Փաշինյանի այն պնդման հետ, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել։
«Հիմնական հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ։ Դուք ասացիք, որ դուրս գալու մասին հայտարարություն չեք արել։ Սակայն մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն», — ասել է Պուտինը։