Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու

08 Սեպտեմբերի 2026, 20:12

Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստակամություն է հայտնել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու։ Այդ մասին նա նշել է Սիմոնյանին ուղղված բաց նամակում։

Զոնաբենդը հայտնել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին և ողջունել այդ պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ այցը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։

Նա հիշեցրել է Սիմոնյանի նախկին հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, իսկ առաջնահերթ է հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը։

«Կիսում եմ այս դիրքորոշումը։ Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները»,– գրել է Զոնաբենդը։

Նա Սիմոնյանին խնդրել է դիտարկել, եթե այցը կայանա, բանտարկյալների ընտանիքների ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև աջակցել Բաքվում իրենց հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը։

Զոնաբենդը նաև Սիմոնյանին հարցրել է՝ արդյոք նախատեսում է այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին և արդյոք պատրաստ է այցից առաջ հանդիպել նրանց ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքներն ու բանտարկյալներին փոխանցվելիք նամակներն ընդունելու համար։

«Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ անազատության մեջ գտնվող մարդկանց համար ընտանիքի հետ կապի պահպանման զգացումը կարևոր է, քանի որ դա ցույց է տալիս, որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։

Զոնաբենդը հույս է հայտնել, որ կստանա Սիմոնյանի պատասխանը և պատրաստակամություն՝ քննարկելու, թե ինչպես կարելի է հնարավոր այցը վերածել կոնկրետ մարդասիրական քայլի։