Տարածքային ընտրությունները Գերմանիայում․ քաղաքական նոր դասավորություններ

20 Սեպտեմբերի 2026, 16:40

Քաղաքականություն

Սեպտեմբերի 20-ին Գերմանիայում անցկացվում են Բեռլինի և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի խորհրդարանների ընտրությունները։ Ընտրատեղամասերը բաց են 08։00-ից մինչև 18։00-ն։ Առաջին էքզիթփոլերը կհրապարակվեն երեկոյան, իսկ նախնական արդյունքները սպասվում են սեպտեմբերի 21-ի գիշերը կամ առավոտյան։

Բեռլինում քվեարկելու իրավունք ունի շուրջ 2,5 միլիոն մարդ։ Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 670 թեկնածու։ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ընտրողների թիվը մոտ 1,3 միլիոն է, իսկ պայքարին մասնակցում է 19 կուսակցություն և 402 թեկնածու։ Երկու երկրամասերում էլ ընտրելու իրավունք ունեն 16 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ խորհրդարան անցնելու շեմը 5 տոկոս է։

Ընտրողների մասնակցությունը նախորդ ընտրությունների համեմատ ավելի բարձր է։ Բեռլինում կեսօրի դրությամբ մասնակցությունը կազմել է 27,9 տոկոս, իսկ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում՝ ժամը 14։00-ի դրությամբ՝ 40,7 տոկոս։

Հարցումների համաձայն՝ Բեռլինում առաջատար դիրքում է «Ձախեր» կուսակցությունը՝ 22 տոկոսով։ Նրան հաջորդում են ՔԴՄ-ն՝ 20 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 18 տոկոս, «Կանաչները»՝ 15 տոկոս և ՍԴԿ-ն՝ 12 տոկոս։

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում հարցումները ցույց են տալիս ավելի սերտ մրցակցություն․ ՍԴԿ-ն՝ գործող վարչապետ Մանուելա Շվեզիգի գլխավորությամբ, ստանում է 37 տոկոս, իսկ AfD-ն՝ 36 տոկոս։ «Ձախերը» հավաքում են 9 տոկոս, ՔԴՄ-ն՝ 6 տոկոս, «Կանաչները»՝ 5 տոկոս։

Այս ընտրությունները տեղի են ունենում Սաքսոնիա-Անհալթում AfD-ի գրանցած բարձր արդյունքից կարճ ժամանակ անց․ սեպտեմբերի 6-ի ընտրություններում կուսակցությունը ստացել է 43,8 տոկոս, իսկ ՔԴՄ-ն՝ 17,2 տոկոս։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար այս ընտրությունները տեղի են ունենում ներքաղաքական ճնշման պայմաններում։ Reuters-ը նշում է, որ նրա վարկանիշը զգալիորեն նվազել է, իսկ նրա ղեկավարության նկատմամբ դժգոհությունը մեծացել է։ Միաժամանակ, ՔԴՄ-ում շարունակվում են բանավեճերը կուսակցության և կառավարության հետագա քաղաքականության շուրջ։

Ընտրությունների արդյունքները կարող են ազդել ինչպես երկու երկրամասերի ապագա կառավարությունների ձևավորման, այնպես էլ Գերմանիայի դաշնային քաղաքականության ներքաղաքական քննարկումների վրա։