Ես սիրում եմ հայկական մտավորականությանը և հպարտանում նրանով. Մարգարիտա Սիմոնյան
25 Սեպտեմբերի 2026, 16:00
«Россия сегодня» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է հայ գրող և հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի՝ իրեն ուղղված նամակը։
Տեր-Գուլանյանը նամակում անդրադարձել է Սիմոնյանի ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին, և իր ցավակցությունն է հայտնել նրա մահվան կապակցությամբ։
«Հարգելի Մարգարիտա, ես դիտեցի Անդրեյի հաղորդումը։ Ամեն ինչ շատ հուզիչ և գեղեցիկ էր։ Որքա՜ն բարձր և նրբագեղ ես կրում քո ցավը։ Որքան անկեղծ էիր և միևնույն ժամանակ զուսպ։
Ինձ բախտ է վիճակվել ճանաչել ձեր հրաշալի ամուսնուն՝ Տիգրանին։ Նրա մեջ արտասովոր ներքին կրակ կար, նա իսկական հայրենասեր էր և հայ ժողովրդին նվիրված մարդ։ Եվս մեկ անգամ ցավակցում եմ ձեզ և ափսոսում, որ այլևս նրան չեմ տեսնի ռուսական հեռուստաալիքների հասարակական-քաղաքական հաղորդումներում։
Հարգելի Մարգարիտա, կրկին հիացմունքս եմ հայտնում այն ապրելակերպի համար, որը վարում ես սկեսրոջդ և մայրիկիդ հետ միասին։ Ես հիացած եմ քո մարդկային և բարոյական հատկանիշներով։ Թող Աստված պահպանի քեզ և քո երեխաներին։
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք Հայաստանում տհաճ լուրեր են տարածում և իրենց թույլ են տալիս ձեր հասցեին անարժան խոսքեր ասել, ուզում եմ միայն մի բան ասել. սա առանձին մարդկանց և իշխանամետ որոշ շրջանակների կարծիքն է, բայց ոչ մի դեպքում չի արտացոլում բոլոր հայերի վերաբերմունքը ձեր հանդեպ։ Ուզում եմ, որ իմանաք՝ Հայաստանում ձեզ շատ են սիրում, հարգում և հպարտանում ձեզանով, հատկապես՝ մտավորականությունը»,- գրել է Տեր-Գուլանյանը։
Ի պատասխան՝ Սիմոնյանը գրել է. «Շնորհակալ եմ, ինձ համար շատ հաճելի է։ Ես նույնպես սիրում եմ հայ մտավորականությանը և հպարտանում եմ նրանով։ Իսկ ամբողջ փրփուրը շուտով կանցնի»։