Ադրբեջանցիները 22 տարեկան արցախցու են առևանգել Հակարիի կամրջից
28 Օգոստոսի 2023, 13:59
Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները առեւանգել են ևս մի արցախցու:
Տեղեկությունը հաստատում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հայտնելով, որ առևանգվածը Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանն է՝ ծնված 2001թ.: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որ մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին էլ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։