«Flydubai»-ի օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ նոր մանրամասներ՝ միջադեպից
30 Սեպտեմբերի 2026, 12:45
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Flydubai» ավիաընկերության՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի պատճառն անձնակազմի անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել։
Նշվում է, որ օդաչուներից մեկը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև, սակայն երկրորդ օդաչուն փորձել է կանխել դա, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակը վերահսկելու հարցում անձնակազմին օգնել են նաև ուղևորները։
«Մենք երկու ժամ շարունակ ինքնաթիռում ճիչեր ենք լսել։ Օդաչուին դանակահարել են, և մենք շատ արյուն ենք տեսել։ Ինքնաթիռն ամբողջությամբ կորցրել էր կառավարումը, մենք մտածում էինք, որ հիմա կկործանվենք ու գոռում էինք»,- պատմել է ուղևորներից մեկը։
«N12»-ի տեղեկություններով՝ աղետի ազդանշան տված «Flydubai»-ի ինքնաթիռը կառավարել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց միջև թռիչքի ընթացքում կռիվ է սկսվել։
Ականատեսների խոսքով՝ բորտուղեկցորդներն ու ուղևորները ստիպված են եղել բացել օդաչուների խցիկի դուռը, որից հետո նրանք բաժանել են օդաչուներին և օգնություն ցուցաբերել վիրավորվածին։ Ուղևորների փոխանցմամբ՝ օդաչուների խցիկն ու կառավարման վահանակն ամբողջությամբ պատված են եղել արյունով։
Համացանցում տարածվել են նաև ինքնաթիռի սրահից արված կադրեր․ օդանավը ուժգին ճոճվում է այս ու այն կողմ, իսկ ուղևորները գոռում և աղոթում են։