Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված 38-ամյա կնոջ վիճակը կայուն է. Սիսիանի ԲԿ տնօրեն
01 Հոկտեմբերի 2026, 18:33
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ձերբակալվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող, որը հրազենային վնասվածք է հասցրել տեղի 38-ամյա բնակչուհուն։
Տուժած կինն այս պահին գտնվում է Սիսիանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոցի տնօրեն Անիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ պացիենտի վիճակը կայուն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Վնասվածքը հրազենային է՝ ազդրի ստորին երրորդականի շրջանում։ Վերքը միջանցիկ է, գնդակը ոտքի մեջ չէ։ Կինը գիտակից է, հոգեբանական վիճակը՝ հանգիստ։ Այժմ նա հետազոտման փուլում է և ստանում է համապատասխան ստացիոնար բուժօգնություն»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ վիրահատական միջամտության կարիք դեռևս չի եղել։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջադեպի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ մանրամասնելով նախապատմությունը։ Ըստ գերատեսչության՝ դեռևս սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր հայկական կողմին, որ իրենց զինծառայողներից մեկն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ նա ապօրինի հատած լինի ՀՀ սահմանը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Արդեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շաքիում ՀՀ քաղաքացու ուղղությամբ արձակված կրակոցի վերաբերյալ։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի և իրավապահ այլ մարմինների անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է հենց որոնվող ադրբեջանցի զինծառայողը, որն անմիջապես ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները փոխանցվել են ադրբեջանական կողմին։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։