ՀՀ ներկայիս ղեկավարության՝ զարգացման վեկտորը փոխելու որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Մեդվեդև
03 Հոկտեմբերի 2026, 23:57
Որոշ պետություններ ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները՝ փորձելով այնտեղ ինչ-որ բաներ «խառնել»։ Դրա օրինակն է Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը, որը ոչ մի լավ բանի չհանգեցրեց, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ամրության փորձության ենթարկելու փորձերը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոյի և հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ինչ վերաբերում է Կովկասին, այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բաներ խառնել։ Նրանք ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Դա ճիշտ է։ Մենք զգուշությամբ հետևում ենք այդ գործընթացին»,- հավելել է նա։
Մեդվեդևը որպես օրինակ բերել է Վրաստանի և Հայաստանի հետ կապված իրավիճակները։ «Տեսեք․ սկզբում արևմտյան աշխարհը Վրաստանին առաջարկեց անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց։ Վրաստանը այդպես էլ ՆԱՏՕ-ի անդամ չդարձավ։ Նրա ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ դա, ըստ երևույթին, սխալ մոտեցում էր։ Այդ ամենը հանգեցրեց հակամարտության։ Ներկայում մեր հարաբերությունները Հայաստանի հետ փորձում են ամրության փորձության ենթարկել»,- ասել է նա։
Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել երկրի զարգացման վեկտորը։ «Ես վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, ինչ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա՝ նոր Ուկրաինայի վերածվելն է»,- հայտարարել է Մեդվեդևը։