Լարի Գագոսյանը՝ TIME100 Art-ի ցանկում

04 Հոկտեմբերի 2026, 17:10

Մշակույթ

TIME ամսագիրը ներկայացրել է արվեստի աշխարհի ամենաազդեցիկ դեմքերի իր առաջին վարկանիշը՝ TIME100 Art-ը, որում ընդգրկվել են արվեստագետներ, պատկերասրահների հիմնադիրներ ու ղեկավարներ, կոլեկցիոներներ, համադրողներ և առաջատար մշակութային հաստատությունների ղեկավարներ։

Նրանց թվում է նաև ամերիկահայ Լոուրենս Գիլբերտ «Լարի» Գագոսյանը՝ ժամանակակից արվեստի աշխարհի խոշորագույն Gagosian Gallery միջազգային ցանցի հիմնադիրը: Գագոսյանին բազմիցս անվանել են նաև «արվեստի թիվ մեկ դիլեր»։

Իր հարցազրույցներում Գագոսյանը հաճախ է խոսել իր հայկական արմատների մասին։ Նրա պապն ու տատը արտագաղթել են ԱՄՆ, իսկ ծնողները մասնակցել են Լոս Անջելեսում գործող հայկական թատերական խմբի աշխատանքներին։

Գագոսյանը նաև ընդգծում է իր կապը նկարիչ Արշիլ Գորկու արվեստի հետ․ նա կազմակերպում է Գորկու աշխատանքների ցուցադրություններ և համագործակցում է նկարչի ընտանիքի հետ։

TIME100 Art-ի ցանկում ընդգրկվել են նաև Դեյվիդ Հոքնին, Էմի Շերալդը, Յայոյ Կուսաման, JR-ը, Բենքսին, MoMA-ի տնօրեն Գլեն Լոուրին, LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն, լուսանկարիչ Վոլֆգանգ Թիլմենսը, աճուրդավար Չարլզ Ստյուարտը և համաշխարհային արվեստի ոլորտի այլ ազդեցիկ ներկայացուցիչներ։