Չկան օրինակներ, երբ պոպուլիզմն օգուտ է բերել. Վիկտոր Սողոմոնյանը՝ համաշխարհային քաղաքականության տրանսֆորմացիայի մասին
09 Հոկտեմբերի 2026, 20:13
Քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր և «Alpha Media House»-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը «Альманах «За рубежом» նախագծի շրջանակում անդրադարձել «Պոպուլիզմը ժամանակակից քաղաքականության մեջ» թեմային։
«20-րդ դարում ԱՄՆ-ում եղել է 18 նախագահ, որոնցից 17-ն ունեցել են գործադիր կամ դատական իշխանությունում աշխատանքի զգալի փորձ կամ եղել են հայտնի զինվորականներ։ Բացառություն էր Ջոն Քենեդին՝ սենատոր առանց կառավարման փորձի, բայց ականավոր հռետոր։ 21-րդ դարում իրավիճակը փոխվել է․ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփն իշխանության են եկել առանց պետական ծառայության փորձի։ Օբաման սենատոր էր, իսկ Թրամփի համար Օվալաձև աշխատասենյակը դարձել էր առաջին պետական պաշտոնը։ Սա արտացոլում է հասարակության տրանսֆորմացիան, որտեղ էկրանն ու դիտարժանությունը դուրս են մղել կառավարման հմտությունները»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ժամանակակից մեդիան փոխել է քաղաքականության ընկալումը․ դիտարժանությունն ու սյուժետայնությունն ավելի կարևոր են դարձել, քան իմաստները։ Քաղաքական գործիչը պետք է լինի վառ և ունենա «սյուժե», որն ավելի ուժեղ է, քան ինքը։ Օրինակ, ըստ նրա, Օբաման, որը պատմության մեջ է մտել որպես ԱՄՆ առաջին սևամորթ նախագահ, դարձել է գլոբալ մշակութային սյուժեի մաս։
«Պոպուլիստներն օգտագործում են «իրադարձության իշխանությունը»․ նրանք մշտապես ստեղծում են համաշխարհային փոփոխությունների, աղմկահարույց գործարքների կամ կոնֆլիկտների զգացողություն։ Թրամփն իր խոսույթը կառուցում է հենց այդպես․ նրա մոտ չկա գործընթաց, կան միայն իրադարձություններ։ Սա համապատասխանում է մեդիաթրենդներին և հասարակության կարճ տեղեկատվական հիշողությանը։
Պոպուլիզմի հիմնական առասպելը «կորուսյալ դրախտի» գաղափարն է։ Քաղաքական գործիչը խոստանում է վերադարձնել երբեմնի բարեկեցությունը՝ միաժամանակ մատնանշելով թշնամուն՝ իշխող վերնախավին, միգրանտներին, գլոբալիստներին կամ արտաքին ուժերին։
Պոպուլիստներին բնորոշ մեկ այլ հատկանիշ է «հերոսի ամբողջականությունը»։ Նրանք հանրությանը ներկայանում են ամբողջությամբ՝ առանց անձնական կյանքի և հանրային կերպարի միջև հստակ սահմանագծի։ Սա համապատասխանում է այն լսարանի ակնկալիքներին, որը սովոր է էկրանային մշակույթին։ Օրինակ՝ Լատինական Ամերիկայում Խավիեր Միլեյը նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես էր գալիս բենզասղոցով՝ խոստանալով դրա միջոցով «կտրել» պետական բյուջեն», — ընդգծել է պրոֆեսորը։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ պոպուլիզմը ուժեղացնում է քաղաքականության դիտարժանությունը, բայց նվազեցնում է պետական կառավարման որակը։
«Չկան երկրների օրինակներ, որտեղ պոպուլիզմի հաղթանակն օգուտ է բերել կառավարման համակարգին», — հավելել է նա։