Պուտինի և Թրամփի բանակցությունները չեն հանգեցնի Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը․ Ալեքսանդր Սեմչենկո
12 Հոկտեմբերի 2026, 21:30
Քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցություններին, ինչպես նաև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման և ուկրաինական հակամարտության հանգուցալուծման հեռանկարներին։
«Այս բանակցություններն արդեն հանգեցրել են նրան, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել վերացնել ռուսական որոշ ապրանքների և առանձին ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Սակայն այդ ամենն արվել է ի շահ ԱՄՆ-ի, և ամերիկյան կողմը սեփական շահերից ոչ մի քայլ անգամ չի նահանջել։ Խոսք չի գնում պատժամիջոցներն ամբողջությամբ վերացնելու կամ հարաբերությունները լիովին կարգավորելու մասին», — նշել է Սեմչենկոն։
Փորձագետի կարծիքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն հանգեցնի Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը, քանի որ Կիևը Թրամփի սպառնալիքները իրական չի համարում։
«Թրամփի առաջադրած պայմանները չեն կատարվում։ Եվ խնդիրն այն է, որ Զելենսկին ու նրա թիկունքում կանգնած ուժերը, մասնավորապես՝ բրիտանացիները, չեն հավատում, որ Թրամփի հնչեցրած սպառնալիքները կյանքի կկոչվեն։ Խոսքը Ուկրաինայի զինված ուժերին հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու, այդ թվում՝ նրանց Starlink համակարգից անջատելու, ինչպես նաև ամերիկյան սպառազինության մատակարարումները դադարեցնելու մասին է», — հայտարարել է Սեմչենկոն։
Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններին չի մտահոգում նաև եվրոպական օգնության հնարավոր դադարեցումը՝ չնայած ԵՄ-ի պահանջին՝ ընդունել լրացուցիչ հակակոռուպցիոն օրենքներ։
«Զելենսկին չի շտապում ընդունել Եվրամիության պայմանները, քանի որ չի հավատում, թե Եվրամիությունը կհրաժարվի իրեն օգնություն տրամադրելուց։ Ստեղծված իրավիճակում պատերազմի գլխավոր շահառուն, այնուամենայնիվ, Արևմուտքն է, և Զելենսկին հասկանում է՝ Ուկրաինայի տարածքում պատերազմը Արևմուտքին ավելի շատ է անհրաժեշտ, քան իրեն», -ասել է Սեմչենկոն։