Ուրիշ տարբերակ չկար, պետք է հաղթեինք․ Յուրի Սաքունցը՝ ադրբեջանցու նկատմամբ հաղթանակի մասին
15 Հոկտեմբերի 2026, 22:30
Ինձ շատ գեղեցիկ ու ջերմ դիմավորեցին։ Սա իսկական հայկական թասիբի, սիրո և միասնականության դրսևորում էր։ Կարծես Երևանում լինեի։ Չնայած 16 ժամ ճանապարհ էի անցել, այդ ջերմությունն ու վերաբերմունքը ստիպեցին զգալ, որ հարազատ միջավայրում եմ։
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը պատմել է իրեն ցուցաբերած ջերմ ընդունելության, ադրբեջանցի մրցակցի նկատմամբ տարած հաղթանակի և առաջիկա մարզական ծրագրերի մասին։
Ապրիլի 24-ին Մոսկվայում կայացած մենամարտին Սաքունցը երկար ժամանակ էր պատրաստվել։ Նրա խոսքով՝ ծանոթ լինելով մրցակցի հնարավորություններին՝ ինքը մեծ աշխատանք էր կատարել՝ ֆիզիկապես լավագույնս պատրաստվելու համար։
Մարզիկը շնորհակալություն է հայտնել մենամարտի հովանավոր Սարգիս Թադևոսյանին և իրեն աջակցած հայերին՝ նշելով, որ ոգևորության խոսքեր է ստացել աշխարհի տարբեր ծայրերից։
«Շատ մեծ էր ոգևորությունը։ Աշխարհի տարբեր ծայրերից զանգում էին ինձ, Հայաստանում էլ շատ մարդիկ էին զանգում ու ասում, որ այդ մենամարտը պետք է հաղթենք, ուրիշ տարբերակ չկա։ Հայերով միասնական հաղթեցինք»,- նշել է Սաքունցը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ հաղթանակը առանձնահատուկ զգացողություններ է պարգևել։ Սաքունցը մրցակցին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում՝ մի քանի նոկդաունից հետո։