Պատերազմը ոչնչացնում է էկոհամակարգերը և սպառնում ապագա սերունդների բարեկեցությանը․ Փեզեշքիան
16 Հոկտեմբերի 2026, 12:13
Պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը կարող է պահպանվել տասնամյակներ շարունակ՝ սպառնալով կենսաբազմազանությանը և ապագա սերունդների բարեկեցությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Երևանում անցկացվող COP17-ի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ կենսաբազմազանության վերաբերյալ համաշխարհային քննարկումներում այլևս չի կարելի անտեսել այն իրողությունը, որ պատերազմները թիրախավորում և ոչնչացնում են ոչ միայն մարդկային կյանքերն ու տնտեսական ենթակառուցվածքները, այլև բնական միջավայրը։
«Պատերազմը ոչնչացնում է անտառները, խոնավ տարածքները, բերրի հողերն ու ջրային ռեսուրսները, վնասում փխրուն էկոհամակարգերը, տեղահանում վայրի տեսակներին և վտանգավոր քիմիական նյութեր ու ծանր մետաղներ արտանետում շրջակա միջավայր։
Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,- նշել է Իրանի նախագահը։