Ալիևը փորձում է մեծացնել իր կշիռը Թուրքիայի հետ հարաբերություններում. Իգիթյան
26 Հոկտեմբերի 2026, 17:17
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակում կարևոր է հաշվի առնել, որ հանրային քննարկումների մեկնարկը տրվել է թուրքական կողմից, իսկ իրավիճակը չի զարգացել այնպես, որ Ալիևը միջամտի Թուրքիայի ներքին գործերին և պահանջի որևէ անձի ազատել աշխատանքից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը:
«Սկզբում եղել են որոշակի իրադարձություններ Ադրբեջանում, Ալիևի ելույթը, որից հետո Թուրքիայում արձագանքել են լրագրողներն ու քաղաքական գործիչները։ Դրան Ադրբեջանի արձագանքը բավականին կոշտ է եղել։ Բաքվում դա ընկալել են որպես միջամտություն իրենց ներքին գործերին»,- ասել է Իգիթյանը։
Կովկասագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Էրդողանը գնացել է զիջումների, սակայն տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես միակողմանի զիջում։
«Երկու երկրները շատ փոխկապակցված են, բայց այդ հարաբերություններում մեծ եղբոր դերը միշտ ստանձնել է Թուրքիան»,- նշել է նա։
Կարեն Իգիթյանի խոսքով՝ Ալիևն իր հերթին փորձում է մեծացնել Ադրբեջանի քաղաքական կշիռը և ավելի ինքնուրույն գործել տարածաշրջանում։ Այդ նպատակով, ըստ նրա, Բաքուն ձգտում է զարգացնել հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ։