Ռևանշի մտադրություն չունենք, բայց պայմանագիրը կարող է մնալ թղթի վրա․ Հիքմեթ Հաջիև
26 Հոկտեմբերի 2026, 17:01
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք «30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն այս մասին խոսել է «Մշակույթի և մեդիայի երկխոսության Բաքվի հարթակում»։
«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել»,- ասել է Հաջիևը՝ միաժամանակ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց նաև՝ մնալ միայն թղթի վրա։
Ադրբեջանի նախագահի օգնականի պնդմամբ՝ Բաքուն մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։
Իլհամ Ալիևի օգնականի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը՝ պնդելով, թե դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։