Վիեննայի փառատոնը նոր հրավեր է ուղարկել Արցախի մշակութային համույթներին

26 Հոկտեմբերի 2026, 17:35

Մշակույթ

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։

Ըստ կազմակերպության տարածած հայտարարության՝ «Համաշխարհային փառատոնային ասոցիացիան» (World Festival Association — WOFA) պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ ղեկավար մարմնի արտահերթ նիստում որոշում է ընդունվել արցախյան համույթներին նոր հրավեր ուղարկել՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։

Բացի այդ, WOFA-ն դիմել է Եվրոպական միությանը՝ նմանատիպ իրավիճակներում գործելու վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և պաշտոնական ուղեցույցներ ստանալու նպատակով։

«Առաջընթացը հետևողական աշխատանքի արդյունք է, սակայն խնդիրը լիովին լուծված չէ»
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» տեղի ունեցած զարգացումները համարում է հետևողական աշխատանքի, խնդրի հանրայնացման, ինչպես նաև բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների աջակցության արդյունք։ Կազմակերպությունն ընդգծում է, որ սա վերահաստատում է մշակութային իրավունքների պաշտպանության, արդար վերաբերմունքի և փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։

Միևնույն ժամանակ, ՀԿ-ից շեշտում են, որ նոր հրավեր ստանալը դեռևս չի նշանակում, թե խնդիրը վերջնականապես լուծված է։

«Արցախյան մշակութային համույթների պահանջները մնում են անփոփոխ»

Կազմակերպությունը շարունակում է պահանջել պաշտոնական պարզաբանումներ հետևյալ հարցերի շուրջ.

Ո՞ր դիվանագիտական ներկայացուցիչներն են և ի՞նչ փաստական հիմքերով ներկայացրել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի» ենթադրյալ «անջատողական գործունեության» վերաբերյալ մեղադրանքները։

Ի՞նչ հիմնավորմամբ է կազմակերպչին ուղարկված առանձին նամակագրության մեջ արցախյան համույթները որակվել որպես «վտանգավոր խումբ»։

Ինչպե՞ս են այս չհիմնավորված պնդումներն ազդել մասնակցությունը չեղարկելու սկզբնական որոշման վրա։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ողջունում է WOFA-ի՝ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և ակնկալում է բարձրացված հարցերի վերաբերյալ հստակ, ամբողջական ու փաստարկված պատասխաններ։

«Մշակույթը պետք է միավորի ժողովուրդներին, իսկ մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման ներկայացված մեղադրանքների հիման վրա»,- եզրափակվում է հայտարարությունը։