Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

27 Հոկտեմբերի 2026, 11:50

Քաղաքականություն

«Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները և հույս ունենք, որ գործընկերները՝ թե՛ կազմակերպության շրջանակում, թե՛ երկկողմ ձևաչափով, նույնքան բարեխղճորեն կկատարեն իրենց պարտավորությունները, թեև, ցավոք, վերջին ամիսներին տեսնում ենք հակառակը»։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ վերջին զեկույցի մասին հարցին։

Նախարարի խոսքով՝ զեկույցը բավականին ծավալուն է, իսկ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման համար ներկայացված իրավական հիմքերի հետ ինքը համաձայն չէ։

«Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ։ Պետք է, որ այն գործընկերը, որից դժգոհ են, խախտած լինի պայմանավորվածությունները կամ կազմակերպության շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի ասեն՝ դու խախտել ես, շնորհակալություն, ցտեսություն։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում»,— նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ շրջանակում նշվում է, որ կազմակերպությունից հեռացնելը կամ անդամակցության սառեցումը միության փաստաթղթերով նախատեսված չէ, գործընկերները փորձել են Վիեննայի կոնվենցիայում գտնել համապատասխան իրավական հիմքեր, որոնց հետ հայկական կողմը համաձայն չէ։

Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն իր որոշումները կայացնելու է՝ առաջնորդվելով պետական շահերով։

«Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, Հայաստանի դիրքորոշման և որոշումների հիմքում լինելու են պետականությունը, սեփական շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Դրանք սակարկման առարկա չեն կարող դառնալ»,- ընդգծել է նախարարը։

Հիմա եթերում