Միրզոյանը չի բացառում TRIPP-ի գործարկումը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը
27 Հոկտեմբերի 2026, 13:02
TRIPP-ի գործարկումը կարող է տեղի ունենալ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Այս մասին ԱԺ-ում ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հարցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Պատգամավորը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա TRIPP-ի գործարկումը սկսվի, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չլինի։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման զարգացումը հնարավոր է։
«Հարցը տեղին է, հանգիստ կարող եմ այդ հարցին ասել՝ այո՛, կարող է։ Մենք տեսնում ենք երկու բան։ Նախ՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է արդեն իսկ, և Հայաստանը և Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, դիրքորոշում են հայտնել, որ այս պայմանագիրը կա։ Մենք, կոպիտ ասած, հավատում ենք դրա ամեն տառին, ամեն դրույթին, կասկածի տակ չենք դնում։ Ադրբեջանն ասում է՝ առայժմ չենք ստորագրում, և ինքն էլ ավելացնում է, որ երբ այդ պատճառը վերանա, մյուս օրը կստորագրենք»,– ասել է Միրզոյանը։