«TRIPP»-ի երկաթգիծն անցնելու է խորհրդային տարիների երթուղով. Մհեր Գրիգորյան
28 Հոկտեմբերի 2026, 17:34
«TRIPP» նախագծի շրջանակում նախատեսվող երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին երկաթգծի համար օգտագործված տարածքով։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մանրամասներ հայտնելով «ԹՐԻՓՓ» նախագծի մասին։
«Երկաթգծի երկարությունը կազմում է շուրջ 42 կիլոմետր, անցնում է Արաքսի հովտով, և այդ տարածքի վրա որևէ մասնավոր հող գոյություն չունի, քանի որ այն անցնում է սահմանային շերտով և սահմանային գոտիներով»,- ասել է նա։
Անդրադառնալով ավտոմոբիլային ճանապարհի հատվածին՝ փոխվարչապետը նշել է, որ դրա վերջնական երթուղին դեռևս հստակեցված չէ։ Նրա խոսքով՝ ճանապարհը պետք է համապատասխանի տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքի չափանիշներին։
«Ճանապարհը պետք է ունենա հավասարազոր որակ, կարճություն և տեխնիկական պարամետրեր, որպեսզի տարածաշրջանում այլընտրանքային թույլ դեր չունենա: Նախիջևանի հատվածում միացման մասը զուտ աշխարհագրորեն շատ նեղ է, ինչի պատճառով անհրաժեշտ են տեխնիկական լրացուցիչ փորձաքննություններ»,- նշել է Գրիգորյանը: