Հաշվեքննիչ պալատի բացահայտած խախտումների համար պաշտոնյաներ պատժվե՞լ․ Մանուկյանը՝ Առուստամյանին
28 Հոկտեմբերի 2026, 15:54
Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի հաշվետվությունում արձանագրված է 548 միլիոն դրամի վնաս, իսկ 2023 թվականի հաշվետվությունում՝ 142 միլիոն դրամի վնաս։ Ստուգումների արդյունքում որքան գումար է վերադարձվել պետական բյուջե։ Այս հարցը ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի արձանագրած խախտումների և բյուջե վերադարձված գումարների վերաբերյալ քննարկման ժամանակ բարձրացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով պալատի անդամ Կարեն Առուստամյանին։
Նա նաև հետաքրքրվել է, թե արձանագրված խախտումների հետևանքով պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվե՞լ են, կամ քրեական վարույթներ նախաձեռնվե՞լ են։
«Ձեզ հարց եմ տվել նաև ձեր կողմից արձանագրված 21 միլիարդ դրամի խեղաթյուրման փաստի մասին։ Ձեր աշխատանքի արդյունքում վերջում գումար վերադարձա՞վ բյուջե, թե՞ չվերադարձավ։ Եվ այդ վախենալու թվերը, որոնց մասին խոսում եք՝ 21 միլիարդ դրամի խեղաթյուրում կամ Աշտարակի համայնքապետարանում՝ 1,1-1,2 միլիարդ դրամ, ի՞նչ հետևանքներ են ունեցել։ Պաշտոնյաներ պատժվե՞լ են, գործեր հարուցվե՞լ են։ Որտե՞ղ կարող ենք ծանոթանալ այդ ամենին»,- հարցրել է պատգամավորը։