Մոտ ապագայում ԱՄՆ-ը մեծ հաջողությունների չի հասնի Իրանում. Օլեգ Բլոխին
29 Հոկտեմբերի 2026, 22:30
Ռուս ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ին մեկնաբանել է Իրանի շուրջ հակամարտության սրման հավանականությունը՝ ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին։
Փորձագետի կարծիքով՝ հակամարտության նոր փուլի մեկնարկի հավանականությունը մեծ է։ Միևնույն ժամանակ, նա առաջիկայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններից նշանակալի արդյունքներ չի ակնկալում՝ նշելով, որ իրանական վարչակարգը շարունակում է կայուն մնալ՝ չնայած մի շարք առաջնորդների և հրամանատարների կորստին։
«Հակամարտության սրացումն ավելի հավանական է, քան դրա բացակայությունը։ Ամերիկացիները որոշակի հետևություններ են արել։ Հասկանալի է, որ այս ընթացքում նրանք ուժեր են կուտակել և նախապատրաստվել։ Ակնհայտ է նաև, որ ծայրամասային շրջաններում ինչ-որ չափով բորբոքել են իրավիճակը, աջակցել են որոշ ուժերի և միաժամանակ նախապատրաստել խմբավորումներ, որոնք այժմ կփորձեն տարբեր ուղղություններով ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելով նրան շեղել ուշադրությունը։
Հետևաբար, մեծ հավանականությամբ, հակամարտությունը կսկսվի, թեև չի կարելի բացառել նաև հրաշքը, և գուցե կողմերին հաջողվի ինչ-որ կերպ համաձայնության գալ։ Սակայն առավել հավանական է, որ ամեն ինչ սկսվի, ինչպես միշտ, ռմբակոծություններից, որից հետո, ամենայն հավանականությամբ, կփորձեն գործողություններ իրականացնել նաև ցամաքում։
Եթե ներգրավվեն ամերիկյան ուժերը, ապա հնարավոր է՝ նրանք փորձեն գրավել մեկ կամ մի քանի կղզի։ Իսկ ցամաքային գործողություններ Իրաքի կողմից կփորձեն իրականացնել, բայց ոչ սկզբնական փուլում և ոչ թե սեփական ուժերով, այլ այն խմբավորումների միջոցով, որոնք մինչ այդ կհասցնեն նախապատրաստել»,-ասել է Բլոխինը։
Փորձագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում չի կարողանա հասնել Իրանում իր նպատակներին, քանի որ դրա համար անհրաժեշտ է կա՛մ ցամաքային ռազմական գործողություն, կա՛մ ներքին ապստամբություն, իսկ այս պահին դրանցից որևէ մեկի համար անհրաժեշտ նախադրյալներ չկան։
«ԱՄՆ-ն ահռելի քանակությամբ զինամթերք է ծախսել։ Զորքերի ներկայությունը, սակայն, առանձնապես չի ավելացրել։ Իրանի դեմ գործողություններում վերջակետ դնել և բոլոր նպատակներին հասնել ԱՄՆ-ն կարող է կա՛մ ցամաքային ռազմական գործողության, կա՛մ ներքին ապստամբության միջոցով։ Առայժմ դրանցից ոչ մեկը չի նշմարվում։
Այսօրվա դրությամբ իրանական վարչակարգն ապացուցել է իր կենսունակությունը։ Չնայած առաջնորդների և հրամանատարների զոհվելուն՝ Իրանը կարողանում է բնականոն կերպով լրացնել կորուստները և շարունակել գործել սովորական ռեժիմով։
Բացի այդ, դեռ ավելի վաղ նրան հաջողվել էր ճնշել բողոքի ցույցերը։
Նույնիսկ շատերը, որոնք դեմ էին վարչակարգին, անցան նրա կողմը, քանի որ ԱՄՆ-ն այնքան էլ խելամիտ չգործեց՝ սկսելով պարզապես ամեն ինչ հիմնովին ավերել։ Մարդիկ զոհվեցին, և ակնհայտ է, որ նման անխնա ռմբակոծությունների համար ԱՄՆ-ին, մեղմ ասած, չեն գովաբանի։
Հետևաբար, մոտ ապագայում այնտեղ որևէ լուրջ հաջողություն ակնկալել պետք չէ։ Ավելի հեռավոր հեռանկարում ԱՄՆ-ը կարող է հույս դնել միայն այն բանի վրա, որ Իրանը կբախվի տնտեսական ճգնաժամի կամ փլուզման։ Եվ միայն այդ դեպքում կարող են ներքին բողոքի ալիքներ բարձրանալ։
Սակայն դրա վրա հույս դնելն այնքան էլ հուսալի հաշվարկ չէ։ Իրանը վաղուց է ապրում նման պայմաններում և, ըստ էության, որոշակի դիմադրողականություն է ձեռք բերել, որը թույլ է տալիս չփլուզվել տնտեսական դժվարությունների պատճառով»,- եզրափակել է Օլեգ Բլոխինը։