«Օսկարի» առաջին հայ հավակնորդը․ Ակիմ Թամիրովի կյանքի պատմությունը

29 Հոկտեմբերի 2026, 22:00

Հայեր

Թատրոնի և կինոյի դերասան Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թիֆլիսում՝ հայկական ընտանիքում։ Դեռ պատանեկությունից նա հետաքրքրված էր թատրոնով։ Թամիրովը կրթություն է ստացել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարությամբ, ապա հանդես եկել նույն թատրոնի բեմում։

1923 թվականին, երբ թատերախումբը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, Թամիրովը որոշել է մնալ Ամերիկայում։ Անգլերենին չտիրապետելով՝ նա իր կարիերան սկսել է Նիկիտա Բալիևի «Չղջիկ» թատերախմբում՝ աստիճանաբար հարմարելով նոր լեզվական ու մշակութային միջավայրին։

1930-ականների սկզբին Թամիրովն արդեն կարողացել էր մուտք գործել Հոլիվուդ, որտեղ նրա արտասովոր դերասանական խառնվածքն ու խարիզման արագորեն գրավել են պրոդյուսերների ուշադրությունը։ Արտահայտիչ արտաքինի շնորհիվ նրան հաճախ վստահվել են չարագործների, գեներալների, բռնապետերի և վառ անհատականությամբ օժտված օտարերկրացիների դերեր։

Նրա առաջին մեծ հաջողությունը եկել է 1936 թվականին նկարահանված «Գեներալի մահը լուսաբացին» ֆիլմից հետո։ Այս դերակատարման համար Թամիրովն առաջադրվել է «Օսկարի»՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ դառնալով այդ մրցանակին առաջադրված հայազգի առաջին դերասանը։

«Օսկարի» երկրորդ առաջադրումը և «Ոսկե գլոբուս» մրցանակը Թամիրովին բերել է Էռնեստ Հեմինգուեյի «Ո՞ւմ մահն է գուժում զանգը» վեպի էկրանավորման մեջ պարտիզան Պաբլոյի դերը (1943 թ.)։

Ակիմ Թամիրովի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել համագործակցությունը Օրսոն Ուելսի հետ, որը նրան համարում էր իր ժամանակաշրջանի մեծագույն դերասաններից մեկը։ Ուելսը Թամիրովին նկարահանել է իր մի շարք կարևոր ֆիլմերում, այդ թվում՝ «Չարի կնիքը», «Դատավարություն» և «Պարոն Արկադին» կինոնկարներում։

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Թամիրովը նկարահանվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում ստեղծված ավելի քան 140 ֆիլմերում՝ դառնալով հայկական ծագմամբ առաջին դերասանը, որն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի ճանաչմանը։

Ակիմ Թամիրովի անցած ուղին բացառիկ տաղանդի, իր մասնագիտության հանդեպ անմնացորդ նվիրումի և եվրոպական դրամատիկական դպրոցի ավանդույթները հոլիվուդյան կինոյի լայն հնարավորությունների հետ ներդաշնակորեն համադրելու պատմություն է։

Հիմա եթերում