Գլենդելն անվտանգ քաղաք է, սակայն մտահոգիչ են ճանապարհատրանսպորտային պատահարները․ Րաֆֆի Մանվելյան
29 Հոկտեմբերի 2026, 23:00
Գլենդելն ապահով և շատ անվտանգ քաղաք է, որտեղ ցանկացած ժամի կարելի է ապահով տուն հասնել։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է ԱՄՆ հայ իրավաբանների միության անդամ, քրեական պաշտպանության փաստաբան Րաֆֆի Մանվելյանը։
Նրա խոսքով՝ Գլենդելում գողությունների, մասնավորապես՝ բնակարանային գողությունների ցուցանիշը բարձր չէ, և այդ առումով լուրջ խնդիրներ չկան։
«Սակայն կա մեկ այլ մեծ խնդիր․ շատ երիտասարդներ ավտոմեքենաները չափազանց արագ են վարում, ինչի հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում»,- նշել է փաստաբանը։
Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը՝ նա հայտնել է, որ 2023 թվականին, օրինակ, 593 մարդ է զոհվել։
«Զոհերի մեծամասնությունը տարեցներն են՝ 65-70 տարեկան, քանի որ նրանք ավելի դանդաղ են քայլում և չեն հասցնում արագ կողմնորոշվել ու խուսափել բախումից։ Այդ պատճառով տարեցների շրջանում զոհերի թիվն ավելի բարձր է»,- նշել է Րաֆֆի Մանվելյանը։