Բելառուսն արգելել է հայկական «Arame» կոնյակի ներմուծումն ու վաճառքը
30 Հոկտեմբերի 2026, 19:40
Բելառուսը հոկտեմբերի 31-ից արգելել է հայկական «Arame» 7-ամյա և վրացական «Погреб Шио» 8-ամյա կոնյակների ներմուծումն ու վաճառքը։ Այս մասին հայտնում է Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեն։
Գերատեսչության փոխանցմամբ՝ երկու ապրանքատեսակն էլ չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական (Մաքսային) միության սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև մակնշման սահմանված կանոններին և կոնյակի արտադրության տեխնոլոգիական չափանիշներին։
Մասնավորապես, իրականացված փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքի բաղադրությունը չի համապատասխանում պիտակի վրա նշված տվյալներին։
Սա վերջին շրջանում արձանագրված առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Բելառուսի պատկան մարմինն արգելել էր նաև «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության 8-ամյա «Երևան 2800» կոնյակի, ինչպես նաև «Շահնազարյան» ապրանքանիշի 6-ամյա «Հայկական կոնյակ»-ի վաճառքը։