Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին․ Տիգրան Քոչարյան
30 Հոկտեմբերի 2026, 23:00
Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Իլհամ Ալիևին, քանի որ երկուսն էլ իրենց երկրների շահերը չեն ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի տաղավարում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանային քաղաքական վերջին զարգացումներն ու խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին այս գործընթացի ձգձգումն անհրաժեշտ է սեփական քաղաքական գոյությունն ու իշխանությունը պահպանելու համար։
«Փաշինյանին դա անհրաժեշտ է, քանի որ դրանով նա ապահովում է քաղաքական դաշտում իր լինելու իմաստն ու երկրի ղեկավարի կարգավիճակը։ Եթե նա ամեն ինչ ստորագրի, այլևս որևէ մեկին հետաքրքիր չի լինի։ Նա այն մարդն է, որը սկսել է Հայաստանի համար այս վատ գործընթացը, ուստի պետք է նաև ավարտի այն ու ստորագրի։ Դրա համար էլ տեսնում ենք, թե ինչպես է նա անընդհատ փորձում հետաձգել ժամկետները՝ նշելով 2027, 2029 կամ 2031 թվականները։ Նա պարբերաբար շրջանցում է թեման, որովհետև որքան երկար մնա իշխանության ղեկին, այնքան դա իրեն ձեռնտու է»,-ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Անդրադառնալով Իլհամ Ալիևի դիրքորոշմանը՝ Alpha News-ի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահին նույնպես ձեռնտու է պայմանագրի չստորագրումը, քանի որ քանի դեռ այն կնքված չէ, Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։
«Ինչո՞ւ է Ալիևին ձեռնտու չստորագրելը, որովհետև Փաշինյանն առանց դրա էլ զիջում է ամեն ինչ։ Եթե Ալիևը ստորագրի, դա կնշանակի, որ Փաշինյանն այլևս հոժարակամ որևէ բան չի տա։ Իսկ մինչ այդ Ալիևը ստանում է այն ամենն, ինչ հնարավոր է պոկել»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։