Ալիևն առանց պայմանագրի էլ ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է . Գրիգոր Բալասանյան

30 Հոկտեմբերի 2026, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Ալիևը չի վարանելու օգտվել ստեղծված իրավիճակից, քանի որ թե՛ իրեն են հայերը ստորացրել, թե՛ իր հորը, և սա Ալիևի համար անձնական հարց է։ Alpha News-ի տաղավարում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, «TRIPP» համաձայնագրի հնարավոր շուտափույթ իրագործմանն ու Բաքվի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջներին:

Միջազգայնագետի խոսքով՝ «TRIPP» համաձայնագիրը կարող է իրագործվել ավելի շուտ, քան բուն խաղաղության պայմանագիրը: Հիշեցնենք, որ այս համաձայնագրի մասին առաջին անգամ բարձրաձայնվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ նախաստորագրվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագիծը:

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ՝ երկու գործընթացներն էլ փոխկապակցված են և պետք է իրականացվեն համաժամանակյա, ուստի անհասկանալի է, թե ինչու է որոշվել նախ գործարկել «TRIPP»-ը, հետո միայն անդրադառնալ պայմանագրին։

«Եթե տարբերություն չկա, ինչո՞ւ ենք վերջից սկսում։ Ինձ համար տարօրինակ էր լսել, որ Ադրբեջանը պահանջ չունի, այլ նախապայման ունի։ Ո՞րն է պահանջի և նախապայմանի տարբերությունը, երբ երկու դեպքում էլ Ադրբեջանն ասում է՝ պետք է փոխեք ձեր Սահմանադրությունը»,- ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ Բաքուն դեռ 2022 թվականից է տարբեր պաշտոնյաների մակարդակով առաջ քաշում այս պահանջը:

Գրիգոր Բալասանյանի համոզմամբ՝ վերջնական խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, քանի որ Ալիևն առանց պայմանագրի էլ ստանում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է։