Եթե ընդդիմությունը դեմ լինի նոր Սահմանադրությանը, դա կնշանակի դեմ լինել խաղաղությանը․ Փաշինյան

02 Նոյեմբերի 2026, 10:30

Քաղաքականություն

Եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը և դեմ է արտահայտվում դրան, ապա դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։

«Այդ դեպքում ընդդիմության նկատմամբ միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների խոսույթը և քաղաքական դիրքորոշումը մշտապես եղել են այնպիսին, որ ներքին օրակարգերը չեն քննարկվում արտաքին հարթակներում։

Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իր լավատեսությունը շարունակաբար աճում է։

«Առաջիկայում կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը։ Ասել էի՝ մինչև տարվա վերջ, բայց այն կհրապարակվի նոյեմբերին»,- նշել է վարչապետը։