Բազմաթիվ աթոռների վրա նստելու Հայաստանի փորձերը կարող են հանգեցնել տխուր արդյունքի. Ալեքսանդր Կռիլով
31 Օգոստոսի 2023, 20:55
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Կռիլով Անդրեյ Բորիսովիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որի մասին այսօր Հարությունյանն էր հայտարարել:
«Ակնհայտ է, որ իրավիճակը կրիտիկական է։ Նախագահի հրաժարականից հետո ծագում է տարածաշրջանում հետագա քաղաքականության ընտրության հարցը։ Առաջին տարբերակը Ադրբեջանի հետ փոխզիջման գնալն է, այսինքն՝ հրաժարվել Արցախի հատուկ կարգավիճակից և ինտեգրվել Ադրբեջանի կազմին, իսկ երկրորդը՝ պայքարը շարունակել բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք տեսնում ենք, որ Արցախի ղեկավարությունում սուր հակամարտություն է նկատվում այդ հարցի շուրջ», — ասել է Կռիլովը։
«Ադրբեջանը հանդես է գալիս ինչ-որ մոնոլիտ ուժի և խիստ կենտրոնացված պետության դերում, որն իր ուժային քաղաքականությունն իրականացնում է հետևողականորեն, քանի դեռ Հայաստանում և Արցախում բացակայում է միասնականությունը:
Հատկապես ցավալին այն է, որ մի ժամանակ կար միասնություն՝ ի դեմս Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, իսկ հիմա այդ միասնության տեղում նկատվում է ցրվածություն և երերում։ Այս իրավիճակը լրջորեն թուլացնում է հայկական դիվանագիտության դիրքը միջազգային ասպարեզում», — նշել է փորձագետը։
«Հայկական դիվանագիտությունը փորձում է լուծել Արցախի հատուկ կարգավիճակի պահպանման հարցը՝ ներգրավելով միջազգային նոր խաղացողների։ Քննարկվում է ռուս խաղաղապահներին Եվրամիության խաղաղապահներով փոխարինելու գաղափարը՝ տարածաշրջանում ԵՄ մոնիթորինգային առաքելության ընդլայնման համար, և հնարավոր է, որ Հայաստանը կարող է սկսել շարժվել այդ ուղղությամբ», — հավելել է նա։
Փորձագետի կարծիքով ՝ ավելի անվտանգ կլիներ պնդել, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը պահպանվի՝ որպես արցախահայության անվտանգության ավելի հուսալի երաշխիք:
«Շատ աթոռների վրա նստելու (Հայաստանի) փորձերը կարող են հանգեցնել տխուր արդյունքի», — եզրափակել է Կռիլովը: