Կոնգրեսի ընտրություններից հետո Թրամփը հայտնվել է ծայրահեղ բարդ իրավիճակում. Օլեգ Մակարենկո

05 Նոյեմբերի 2026, 18:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, միջազգային մեկնաբան Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները։

«Կոնգրեսի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցությունը կորցրել է խորհրդարանի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը։ Դոնալդ Թրամփի ներկայիս վարչակազմի համար սա չափազանց անբարենպաստ իրավիճակ է։

Մինչ այս խորհրդարանի այն պալատներից ոչ մեկը, որը գտնվում էր նրա վերահսկողության ներքո, չէր միջամտում նախագահի վարչակազմի աշխատանքին։ Այժմ, այս ընտրություններից հետո, կարծում եմ՝ վարչակազմի ցանկացած նախաձեռնություն կհայտնվի ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ ԱՄՆ Սենատի խիստ վերահսկողության ներքո։

Ընդ որում, վարչակազմի ցանկացած գործողություն ոչ միայն քննադատության կենթարկվի, այլև կարող է հիմք դառնալ նախագահ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու փորձերի համար։ Նրանք կփորձեն վրեժ լուծել նախագահական ընտրություններում կրած պարտության համար։

Այսինքն՝ Թրամփը վերածվել է, այսպես կոչված, «կաղ բադի»։ Այս պահին նա ոչ օրենսդրական, ոչ էլ քաղաքական առումով որևէ էական քայլ չի կարողանա իրականացնել։ Այս ընտրություններից հետո նա հայտնվել է ծայրահեղ բարդ իրավիճակում։

Հետևաբար, այն, ինչին ականատես կլինենք առաջիկայում, ԱՄՆ-ի ներսում քաղաքական առճակատման սրացումն է, և օրակարգի առանցքում լինելու են ներքաղաքական հարցերը։

Կկարողանա՞ արդյոք նա իրավիճակը շտկել արտաքին քաղաքականության ոլորտում, օրինակ՝ Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելով։ Կարծում եմ՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրան անմիջապես կմեղադրեն չարտոնված գործողությունների և պատերազմ հրահրելու մեջ, քանի որ Սահմանադրությամբ իրեն վերապահված 60-օրյա ժամկետից դուրս նա չի կարող ռազմական գործողություններ իրականացնել։ Այսպիսով, Թրամփի համար իրավիճակը չափազանց անբարենպաստ է»,- նշել է Օլեգ Մակարենկոն։

Քաղաքագետի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը Թրամփի վարչակազմի համար կվերածվի քաղաքական սակարկության առարկայի, և նա այն կօգտագործի դեմոկրատների հետ բանակցություններում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում փոխզիջումների հասնելու համար։

«Ինչ վերաբերում է ուկրաինական ուղղությանը, կարծում եմ՝ սպառազինության մատակարարումները կշարունակվեն։ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմը, սակայն նրան թույլ չեն տա դա անել։ Դեմոկրատները ցանկանում են, որ պատերազմն Ուկրաինայում շարունակվի, քանի որ նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանը։ Կարծում եմ՝ նրանք այդ ուղղությամբ գործադրելու են բոլոր ջանքերը։

Եվ հենց այստեղ Թրամփը հնարավորություն ունի համագործակցելու Կոնգրեսի հետ և փորձելու պայմանավորվածությունների հասնել քաղաքական սակարկությունների միջոցով։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե նա զիջումների գնա Ուկրաինայի հարցում, ապա դեմոկրատներն էլ իրենց հերթին զիջումների կգնան ներքաղաքական օրակարգի հարցերում, այդ թվում՝ Իրանի։

Նրանք առաջ են մղելու Ուկրաինայի հարցը և Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը, իսկ նա ներքաղաքական օրակարգում և Իսրայելի հարցում աջակցություն կստանա»,- ամփոփել է Մակարենկոն։

Հիմա եթերում