Թրամփի վերջնական պարտությունը կլինի ԱՄՆ-ում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններում. Մովսես Ղազարյան
05 Նոյեմբերի 2026, 18:04
Քաղաքագետ, միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության պատճառները և այն, թե ինչպես դա կանդրադառնա ԱՄՆ վարչակազմի քաղաքականության վրա։
«Հանրապետականների պարտությունը Կոնգրեսի երկու պալատներում, բնականաբար, կանդրադառնա նաև ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, հատկապես՝ Ռուսաստանի ուղղությամբ տարվող քաղաքականության։ Առնվազն պարոն Թրամփը ստիպված կլինի իր արտաքին քաղաքական գիծն ավելի ու ավելի համապատասխանեցնել ինչպես ԱՄՆ Կոնգրեսի պալատներում իր ընդդիմախոսների ակնկալիքներին, այնպես էլ, իհարկե, արևմտյան հանրության ներսում՝ եվրոպական մայրաքաղաքներում գտնվող իր քաղաքական հակառակորդների սպասումներին։
Այդուհանդերձ, սա դեռևս Թրամփի և ամերիկյան աջ ուժերի վերջնական պարտությունը չէ։ Թրամփի գլխավորած ամերիկյան աջերի վերջնական պարտությունը կարող է արձանագրվել միայն հաջորդ՝ նախագահական ընտրությունների արդյունքում։
Սակայն ստեղծված իրավիճակն արդեն որոշակիորեն կազդի որոշումների կայացման գործընթացում ուժերի հարաբերակցության վրա։ Միակ հանգամանքը, որից Թրամփը կարող է օգտվել ԱՄՆ ներքաղաքական դաշտում, Դեմոկրատական կուսակցության առաջնորդների և նրանց քաղաքական վերնախավի թուլությունն է։
Բացի այդ, դեմոկրատներն այժմ այն վիճակում չեն, որ կարողանան Թրամփի դեմ համախմբել բնակչության լայն շերտերին և վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք կարող են մտահոգված լինել ԱՄՆ-ում ավտորիտար կառավարման հաստատմամբ։
Այնպես որ, նույնիսկ այս պարտությունից հետո Թրամփի լիակատար թուլացումը դեռ կանխորոշված չէ։ Հանրապետականները, թրամփականներն ու «Ամերիկան՝ առաջին հերթին» շարժման ակտիվիստները կարող են վերջնականապես պարտվել միայն հաջորդ ընտրություններում։ Եթե Սպիտակ տանը փոխվի իշխանությունը, դա իսկապես կազդի ուժերի հարաբերակցության վրա»,- նշել է Ղազարյանը։