Արցախցիների վերադարձի իրավունքն ու չկատարված պարտավորությունները. Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ նոյեմբերի 9-ին

05 Նոյեմբերի 2026, 19:11

Հասարակություն

Նոյեմբերի 9-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի և եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի օրը, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը։

Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 10:00-ին։

Ըստ հայտարարության՝ նույն օրը պաշտոնական դիմում-նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից երկուսին՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը և ՀՀ կառավարությանը։

Փաստաթղթերի հիմնական ուղերձն առնչվում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքի ապահովմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հրավիրում ենք բոլորիդ միանալու մեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և բարձրաձայնելու մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերը»,— ասված է Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Հիմա եթերում