Էյֆելյան աշտարակը փակվել է համազգային բողոքի ցույցերի պատճառով

05 Նոյեմբերի 2026, 19:00

Միջազգային

Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, ժամանակավորապես փակվել է այցելուների համար՝ Ֆրանսիայում ընթացող համազգային գործադուլների և բողոքի ցույցերի ֆոնին։

«Համազգային ցույցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է»,– նշված է տեսարժան վայրի պաշտոնական կայքում։

Ֆրանսիական իշխանությունների գնահատմամբ՝ երկրի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներին կարող է մասնակցել մինչև 700 հազար մարդ, այդ թվում՝ մինչև 80 հազարը՝ մայրաքաղաք Փարիզում։ Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ։

Հանրապետությունում լայնածավալ ցույցերն անցկացվում են երկրի խոշորագույն արհմիությունների կոչով:

Հիշեցնենք, որ բողոքի այս շարժումը սկսվել էր սեպտեմբերին Փարիզում և կարճ ժամանակում ընդգրկել ամբողջ երկիրը։ Եթե սկզբում փողոց դուրս եկած ավագ դպրոցների աշակերտներն էին գլխավորում ակցիաները, ապա հետագայում նրանց միացան նաև համալսարանների ուսանողները։

Ցուցարարների հիմնական պահանջներն ու դժգոհություններն առնչվում են կրթական համակարգի խորքային խնդիրներին՝ մասնավորապես գերբնակեցված դասարաններին, դպրոցական շենքերի անբարեկարգ վիճակին, ուսուցիչների հրատապ պակասին և կրթության ոլորտի անբավարար պետական ֆինանսավորմանը։

Հիմա եթերում