ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդել են նաև տնտեսական գործոնները․ Հայկ Տեր-Ներսիսյան

05 Նոյեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններում բոլոր գործընթացներն էլ որոշակիորեն հիմնված են էմոցիոնալ ֆունդամենտի վրա։ Երբ Կոնգրեսում նման փոփոխություն է լինում, դա նախագահի քաղաքականությանը տրված վստահության քվեն է։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական և հիմնարար պատճառներից մեկը տնտեսական գործոնն է, մասնավորապես՝ էներգակիրների՝ բենզինի և գազի գների աճը, որն անմիջականորեն կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների հետ։

«Շատ ամերիկացիներ կարող են ընդհանրապես չհետաքրքրվել արտաքին քաղաքականությամբ, սակայն բենզինի թանկացումն անմիջականորեն հարվածում է թե՛ սպառողի գրպանին, թե՛ արտադրությանը։ Քանի որ նավթն օգտագործվում է գրեթե բոլոր ապրանքների արտադրության մեջ, դրա թանկացումը գնաճային սպասումներ է առաջացնում, ինչի հետևանքով նվազում է բնակչության գնողունակությունը»,- ընդգծել է նա։

Ըստ Հայկ Տեր-Ներսիսյանի՝ հիմնական քաղաքական պայքարը ծավալվելու է Դոնալդ Թրամփի ներքին քաղաքական կարգավորումների շուրջ, այդ թվում՝ կադրային նշանակումների հարցում։

«Երբ Սպիտակ տանը նախագահն է, իսկ Կոնգրեսում՝ հակառակորդ կուսակցությունը, Գերագույն դատարանի կամ այլ առանցքային պաշտոններում թեկնածուներ ընտրելիս սովորաբար գնում են փոխզիջումների՝ նախապատվությունը տալով չափավոր հայացքներ ունեցողներին, որոնք աչքի չեն ընկնում ծայրահեղ պահպանողական կամ ծայրահեղ լիբերալ դիրքորոշմամբ»,- հավելել է քաղաքագետը։

Հիմա եթերում