Իշխանությունները շանտաժով ու ռեպրեսիաներով չեն կարողանալու հասնել իրենց նպատակին․ Վարդևանյան
06 Նոյեմբերի 2026, 17:50
Օտարերկրյա պարտադրանքի կամ նախապայմանների ներքո ճնշում են բանեցնում ընդդիմության վրա, որպեսզի ստանան իրենց պատկերացրած դրական դիրքորոշումը, ինչը, սակայն, չեն ստանալու։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները վաղուց պետք է հասկանային, որ Սամվել Կարապետյանի և նրա առաջնորդած քաղաքական ուժի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով խոսելը որևէ արդյունք չի տալու։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերով քննությանը խոչընդոտելու ռիսկն իրատեսական չէ, հատկապես հաշվի առնելով, որ անձն այս ամբողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ։
«Սա պարզապես աբսուրդ է և օտարերկրյա պետության՝ ինչպես հանրությունն է արդեն կնքել, «ալիևյան սահմանադրության» օրակարգի մերժման հետևանքն է։ Սակայն սա որևէ ազդեցություն մեր կամքի վրա չի ունենալու»,- հավելել է Արամ Վարդևանյանը։
Խոսելով ընդդիմադիր դաշտի համախմբման մասին՝ նա ընդգծել է, որ տարբեր քաղաքական ուժեր, չնայած բազմաթիվ տարակարծություններին, դրանք մի կողմ են դրել, քանի որ երկիրը գտնվում է օրհասական իրավիճակում՝ կանգնած ինքնության, անկախության և պետականության հիմքերի պահպանման մարտահրավերի առջև։
«Եթե Ադրբեջանն ազնվորեն ու անկեղծորեն ընդուներ խաղաղության օրակարգը, ապա նախաստորագրված խաղաղության պայմանագիրը պարզապես կստորագրվեր։ Փոխարենը՝ նրանք որոշել են միջամտել մեր պետականության ներքին գործերին՝ պարտադրելով նոր Սահմանադրության ընդունում, քանի որ գործող Սահմանադրության նախաբանն ու առաջին հոդվածն անփոփոխ են։ Հանրությունն արդեն հստակ տեսավ, որ սահմանադրական բարեփոխումների հարցն արտաքին ուժի կողմից պարտադրված օրակարգ է, այլ ոչ թե Հայաստանի ներքին գործը»,- նշել է Արամ Վարդևանյանը։