100 տոկոսանոց վստահություն ոչ ոք չի կարող տալ, բայց խաղաղության հասնելն իրատեսական է․ Փաշինյան

07 Նոյեմբերի 2026, 16:00

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Restart հիմնադրամի կազմակերպած MaskOFF պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարներին, երիտասարդության ապագային և երկրի զարգացման առաջնահերթություններին։

Իր խոսքում Փաշինյանը նշել է, որ երիտասարդության համար ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծի, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։

«Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով՝ ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն։ Բաց սահմաններով խաղաղ երկիր։ Սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը, 2029 թվականին վիզաների ազատականացման որոշման հասնելը և «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը կարևոր դեր կունենան այդ տեսլականի կյանքի կոչման գործում։

Փաշինյանն ընդգծել է նաև տնտեսական կայունության և էներգետիկ անկախության կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղություններով աշխատանքներն իր ուշադրության կենտրոնում են։ Միաժամանակ վարչապետը խաղաղության ինստիտուցիոնալացումը համարել է առաջնահերթ խնդիր։

«100 տոկոսանոց վստահություն ոչ մեկ չի կարող տալ։ Բայց ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ։ Այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես»,- նշել է նա։

Վարչապետի համոզմամբ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի կրթությունը։ Նա հիշեցրել է, որ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն»՝ ընդգծելով, որ ցանկացած մակարդակում խնդիրների լուծման համար անհրաժեշտ է վերադառնալ կրթությանը։

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հաջորդ սերնդին պետք է փոխանցվի որպես խաղաղ, անվտանգ, զարգացող և բարեկեցիկ պետություն՝ սահմանազատված ու սահմանագծված սահմաններով և բաց հաղորդակցություններով։

«Հայաստանը, որպես պետություն, պետք է գոյություն ունենա հարատև։ Սա է այն ամենամեծ օրակարգը, որ, իմ կարծիքով, մենք բոլորս պետք է սպասարկենք»,- ասել է վարչապետը։

Հիմա եթերում