Հիշատակի երթ և մոմավառություն Գլենդելում՝ հաջակցություն արցախահայության

10 Նոյեմբերի 2026, 21:45

Հասարակություն

Նոյեմբերի 9-ին Գլենդելում տեղի է ունեցել հիշատակի և համերաշխության միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակին, ավելի քան 120 հազար բռնի տեղահանված արցախահայերին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անդառնալի կորուստներ կրած հազարավոր մարդկանց:

Հայ երիտասարդաց դաշնակցության (ՀԵԴ) կազմակերպած միջոցառումը մեկնարկել է Գլենդելի «Արցախ» փողոցից։ Համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հանձնառությունը՝ Արցախի հիմնախնդիրը միջազգային և հանրային օրակարգում պահելու հարցում։

Երթին մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ տարեցներից ու փոքրահասակ երեխաներով ընտանիքներից մինչև տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներ: Դեպի Սուրբ Մարիամ եկեղեցի յուրաքանչյուր քայլը մասնակիցների համար մոռացության դեմ պայքարի և վճռականության արտահայտություն էր:

Եկեղեցու բակում, որտեղ զետեղված էին արցախյան պատերազմի նահատակների անունները, տեղի է ունեցել մոմավառության արարողություն:

Ելույթներով հանդես են եկել քաղաքական գործիչներ, հոգևորականներ և համայնքային ակտիվիստներ՝ ընդգծելով Արցախի և արցախահայության իրավունքների համար պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:

Հիմա եթերում