Արսեն Գևորգյանի մահը քաղաքական հետապնդումների ծանր հետևանքն է․ «Հայաստան» խմբակցություն

10 Նոյեմբերի 2026, 21:55

Հասարակություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահվան դեպքին: Խմբակցության պնդմամբ՝ Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի, ինչն այժմ հանգեցնում է անդառնալի մարդկային ողբերգությունների:

«Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։ Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր խմբակցությունը շեշտում է, որ անազատության մեջ են շարունակում մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներն ու այլախոհները: Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ տեղի ունեցածի պատասխանատուն «գործող բռնատիրական իշխանությունն է և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը», իսկ միջազգային հանրության հակազդեցության բացակայությունն ավելի է սանձարձակ դարձնում վերջիններիս գործողությունները։

«Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործընկերներին:

Հիմա եթերում