ՀԱՊԿ-ի նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով Հայաստանը կարող է կորցնել հավատարիմ դաշնակիցներին․ Ջաբարով

12 Նոյեմբերի 2026, 15:00

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով Հայաստանը կարող է կորցնել իր ամենահավատարիմ և հուսալի դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի և կազմակերպության մյուս անդամ երկրների։ Այս մասին «ՌԻԱ Նովովստի»-ի հետ զրույցում ասել է սենատոր Վլադիմիր Ջաբարովը։

Չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները որոշում են կայացրել Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը, որը նախատեսում է ձայնի իրավունքից զրկում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը, հենց որ լուծի անդամավճարների մարման հարցը, սակայն որոշումը կախված է երկրի ղեկավարությունից։

«Հայաստանը ձգձգում է ժամանակը՝ չիմանալով, թե ինչ որոշում կայացնել, քանի որ մինչև տարեվերջ պետք է կողմնորոշվի՝ հանրաքվեով որոշել՝ անդամակցե՞լ Եվրամիությանը, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում, քանի որ այդ կերպ կարող են կորցնել իրենց ամենահավատարիմ, հուսալի և բնական դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների»,- ասել է Ջաբարովը։

Մեկնաբանելով Երևանի նկատմամբ ՀԱՊԿ անդամ երկրների որոշումը՝ սենատորը նշել է, որ կազմակերպության մասնակիցները կանոնադրության համաձայն ճիշտ են վարվել։

«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որևէ միջոցառման, չի վճարում անդամավճարները։ Մշտապես հայտարարում են, որ իրենք, ըստ էության, արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թեև պաշտոնական դիմում որևէ մեկը չի ներկայացրել»,- եզրափակել է խորհրդարանականը։