Ֆրանսիայում լույս է տեսել Ավրորա Մարդիգանյանի պատմության հիման վրա ստեղծված գրաֆիկական վեպ
14 Նոյեմբերի 2026, 00:40
«HarperCollins France» հրատարակչությունը լույս է ընծայել «Ավրորա՝ հայկական աստղը․ ցեղասպանությունը վերապրած կնոջ իրական պատմությունը» («Aurora, l’étoile arménienne: l’histoire vraie d’une rescapée du génocide») խորագրով գրաֆիկական վեպը։ Գրքի հիմքում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյանի) իրական կենսագրությունն է։
Գրաֆիկական վեպի ստեղծման աշխատանքներին մասնակցել են «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը և ֆրանսիացի սցենարիստ Առնո Դելալանդը։ Հրատարակությունը ներառում է նաև հատուկ պատմական տեղեկատու բաժին, որտեղ մանրամասն ներկայացված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրադարձությունները։
Արշալույս Մարտիկյանը ծնվել է Օսմանյան կայսրության Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում՝ ապահովված հայկական ընտանիքում։ 14 տարեկանում նրա աչքի առաջ սպանել են ծնողներին, եղբայրներին և քույրերին, իսկ նրան վաճառել են Անատոլիայի ստրկավաճառության շուկայում՝ ընդամենը 85 ցենտով։
Երկու տարի նա անցկացրել է հարեմներում՝ ենթարկվելով բռնությունների և դավանափոխության հարկադրանքի։ Փախուստի դիմելուց հետո Արշալույսը ոտքով հաղթահարել է լեռնաշղթաները և հասել Էրզրում։ Ամերիկացի միսիոներների աջակցությամբ նրան հաջողվել է Թիֆլիսի, Պետրոգրադի և Օսլոյի միջոցով հասնել ԱՄՆ, որտեղ 1917 թվականին հաստատվել է Նյու Յորքում։
ԱՄՆ-ում նա հրատարակել է իր ինքնակենսագրական «Հոշոտված Հայաստան» գիրքը, իսկ 1919 թվականին մարմնավորել է գլխավոր հերոսուհուն «Հոգիների աճուրդը» համր ֆիլմում, որը հայտնի է նաև «Հոշոտված Հայաստան» անվամբ։ Այդպիսով նա դարձել է առաջին դերասանուհին, որը մեծ էկրանից համաշխարհային հանրությանը ներկայացրել է հայ ժողովրդի ողբերգությունը։