19 տարեկանում՝ դեպի անմահություն․ Ռոբերտ Աբաջյանի սխրանքն ու կյանքի պատմությունը
16 Նոյեմբերի 2026, 22:00
ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, ում կարճատև կյանքը դարձել է բացառիկ արիության և անձնազոհության խորհրդանիշ, ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։
Մինչև զինվորական ծառայությունը Ռոբերտն ընտրել էր բժշկի մասնագիտությունը։ Երևանի թիվ 147 դպրոցն ավարտելուց հետո նա Երևանի բազային բժշկական քոլեջում ստացել էր ատամնատեխնիկի որակավորում, իսկ 2014 թվականին ընդունվել Սուրբ Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։ 2015 թվականի սկզբին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության ընթացքում դրսևորած կարգապահության, պատասխանատվության և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների շնորհիվ ստացել էր կրտսեր սերժանտի կոչում և նշանակվել հրաձգային ջոկի հրամանատար։
Ծառայակիցները նրան հիշում են որպես շփվող, լուսավոր ու կենսուրախ երիտասարդի, որին շեկ մազերի համար սիրով «Կյաժ» էին անվանում։
19-ամյա Ռոբերտի հերոսական մարտը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը՝ Ապրիլյան պատերազմի հենց սկզբում։ Աբաջյանի ստորաբաժանումը պաշտպանում էր Մարտակերտի ուղղությամբ տեղակայված 116-րդ մարտական դիրքը։ Հրետակոծությունից հետո հակառակորդի գերակշռող ուժերն անցել են հարձակման։ Երբ անհավասար մարտում զոհվել է վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ոտքից վիրավորված Ռոբերտն իր վրա է վերցրել դիրքի հրամանատարությունը։
Հետ մղելով հակառակորդի գրոհները և պաշտպանելով զինակիցներին՝ նա մինչև վերջին փամփուշտը մարտնչել է ծանր վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ։ Մենակ մնալով խրամատում՝ առանց զինամթերքի և հայտնվելով շրջափակման մեջ՝ կրտսեր սերժանտը չի հանձնվել հակառակորդին։ Սպասելով, մինչև թշնամու զինվորները կմոտենան, նա վերջին նռնակով պայթեցրել է իրեն՝ իր հետ տանելով նաև նրանց։
2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը՝ «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնմամբ։ Նա դարձել է այդ պարգևին արժանացած ամենաերիտասարդ հերոսը։
Ռոբերտ Աբաջյանը հուղարկավորված է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրա անունը հավերժ մնացել է հայ ժողովրդի պատմության մեջ, իսկ հիշատակը հավերժացվել է նաև այն դպրոցի անվանակոչմամբ, որտեղ նա ժամանակին սովորել էր՝ երազելով մարդկանց կյանքեր փրկելու մասին։