Փաշինյանը պատրաստ է հարյուր անգամ մեկնել Մոսկվա, բայց չփոխել իր քաղաքական կուրսը. Վասիլի Կոլտաշով
16 Նոյեմբերի 2026, 22:20
Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա շաբաթներին Ռուսաստան կատարելիք այցերին և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտմանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը ձգտում է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ միաժամանակ շարունակելով քաղաքական ուղեգիծը դեպի Արևմուտքի հետ մերձեցում։
«Որևէ հակասություն չկա Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա շաբաթներին երեք անգամ Ռուսաստան այցելելու ցանկության և Հայաստանը Եվրամիության կազմում ընդգրկելու ձգտման միջև։ Տարիներ շարունակ Փաշինյանը հաջողությամբ օգտվել է ռուսական դիվանագիտության բարյացակամությունից՝ օգտվելով ռուսական շուկայից, միաժամանակ ավելի ու ավելի արագ տեմպերով երկիրը հեռացնելով Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններից։
Փաստացի, Փաշինյանը կառուցում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական պետություն։ Հայաստանում Փաշինյանի իշխանության ամբողջ քարոզչամեքենան պնդում է, թե Ռուսաստանն է դավաճանում Հայաստանին, որ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է, մինչդեռ Ռուսաստանը սարսափելի, դավաճան երկիր է, որը չի ցանկանում պայքարել Արցախի համար։ Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն ինքն էլ ոչինչ չարեց Արցախը պահպանելու համար», — նշել է փորձագետը։
Կոլտաշովի խոսքով՝ Հայաստանի վարչապետը հույս ունի սակարկությունների միջոցով պահպանել ռուսական շուկայի հասանելիությունը՝ միաժամանակ շարունակելով հակառուսական ճամբարին մերձենալու քաղաքականությունը։
«Փաշինյանը պարզապես հույս ունի ևս մեկ անգամ զրուցել Ռուսաստանի նախագահի հետ, հերթական խոստումները տալ, որոշակի հարցերում ճնշում գործադրել՝ խոսքը երկաթուղու խնդրի, ինչպես նաև ռուսամետ գործիչների և հոգևորականների նկատմամբ հետապնդումների մասին է, սակարկել և ստանալ իր ուզածը։ Այսինքն՝ պահպանել ռուսական շուկան և միևնույն ժամանակ շարունակել իր քաղաքական ուղեգիծը դեպի հակառուսական ճամբար։ Փաշինյանը պատրաստ է թեկուզ հարյուր անգամ էլ մեկնել Մոսկվա, սակայն ոչինչ չի անի իր հակառուսական քաղաքական ուղեգիծը թեկուզ մեկ միլիմետրով փոխելու համար», — ասել է քաղաքագետը։