Ազատություն ազգերին, քաղբանտարկյալներին և գերիներին․ Իվետա Տոնոյանի ելույթը Մոսկվայում

17 Նոյեմբերի 2026, 17:36

Քաղաքականություն

Մոսկվայում տեղի է ունեցել «Հանուն ազգերի ազատության» համաժողով, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ՝ Աֆրիկայից, Ասիայից, ԱՊՀ-ից, Մերձավոր Արևելքից, Լատինական Ամերիկայից և Եվրոպայից։ Համաժողովին ներկա են եղել պատվիրակություններ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Թուրքիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Մեքսիկայից, Արգենտինայից, Սերբիայից, Բելառուսից և այլ պետություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության ներկայացուցիչներ։

Միջոցառմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ելույթ է ունեցել Իվետա Տոնոյանը։ Նա ընդգծել է, որ կուսակցության առաջնորդն արդեն չորս ամիս է՝ ապօրինաբար գտնվում է անազատության մեջ։

Տոնոյանն իր երախտագիտությունն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ սկզբունքային դիրքորոշման և խորհրդարանական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին աջակցող հրապարակային հայտարարության համար։ Նա նշել է, որ հայ-ռուսական բարեկամությունը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև ավելի քան 15 տարվա համագործակցությունը հիմնված են ամուր արժեքների վրա և կախված չեն քաղաքական իրավիճակի փոփոխություններից։

Անդրադառնալով համաժողովի գաղափարներին՝ Տոնոյանն ասել է.

«Ազգերի ազատությունը պարզապես քաղաքական կարգախոս չէ։ Այն յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է՝ ինքնուրույն ընտրելու իր զարգացման ուղին, պահպանելու ազգային ինքնությունը, պաշտպանելու սեփական շահերը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սակայն ազգերի ազատությունն անհնար է առանց մարդու ազատության, անհատի իրավունքների, արժանապատվության, ժողովրդավարության և օրենքի գերակայության։ Հնարավոր չէ կառուցել ուժեղ և ազատ պետություն՝ առանց սեփական քաղաքացիների իրավունքները հարգելու»։

Ելույթի զգալի մասը նվիրված էր Հայաստանում ժողովրդավարության և քաղաքական ազատությունների շուրջ ստեղծված իրավիճակին։ Տոնոյանը մտահոգիչ է համարել այն փաստը, որ անազատության մեջ են հայտնվել ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Երբ ընդդիմադիր հիմնական ուժերի ղեկավարները հայտնվում են ճաղերի հետևում, դա լուրջ հարցեր է առաջացնում երկրում քաղաքական ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ։ Քրեաիրավական մեխանիզմները չպետք է դառնան քաղաքական պայքարի գործիք, իսկ արդարադատությունը չպետք է օգտագործվի քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու համար»,– շեշտել է նա։

Ելույթի վերջում Իվետա Տոնոյանը կոչ է արել հռչակագրերից անցնել գործնական քայլերի՝ ամփոփելով.

«Ազգերի ազատությունը սկսվում է մարդու ազատության նկատմամբ հարգանքից։ Ազատություն՝ Գագիկ Ծառուկյանին, ազատություն՝ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն՝ ադրբեջանական բանտերում պահվող մեր բոլոր հայ գերիներին և ազատություն՝ բոլոր ազգերին»։